Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման կարգը։
Արարողությանը մասնակցում էին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ելույթով։ Նա նշեց, որ հայ եկեղեցու համար մխիթարանք է, որ այս պահին այստեղ ներկա են քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հովվապետեր ու պատվիրակներ:
«Տիրոջ կամքով վաղը՝ ապրիլի 23-ին, այս Սուրբ տաճարի հովանու ներքո Հայոց առաջին քրիստոնյա արքայի՝ Սուրբ Տրդատի անունը կրող խորանի առջև պետք է կատարենք սրբադասման արարողությունը ցեղասպանության նահատակների՝ հայցելով սուրբ վկաների բարետեսությունը՝ ազգային և հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի համար: Նահատակության ոգին քրիստոնեական մեր կյանքի սնուցող աղբյուրն է»,-ասաց կաթողիկոսը և նշեց, որ պատմության ընթացքում եկեղեցուն կենսունակություն է պարգևել մարտիրոսների թափված արյունը:
«Մեր ժողովուրդը պատմության ողջ ընթացքում հաճախ պատարագվեց նահատակության խորանի վրա՝ դառնալով աստվածպաշտության սքանչելի օրինակ: Ցեղասպանության տարիներին ևս մեր զավակների կրած նահատակության ու չարչարանքի պատմությունները որքան ցավ, նույնքան հավատքի մեջ ամրանալու և խիզախելու նոր խթան է դառնում ամենքիս համար»,-նշեց նա:
Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ նույն ոգով այսօր էլ տեսնում են, թե աշխարհի տարբեր տեղերում, մասնավորպես՝ Մերձավոր Արևելքում, ինչպես են մարդիկ տառապում իրենց հավատի համար, սակայն շարունակում են պահել հավատը: «Մենք հիանում ենք տոկունությամբ մեր քրիստոնյա եղբայրների, ովքեր զրկանքների ու չարչարանքների մեջ չեն ուրանում հավատը»,- ասաց նա:
«Մեր տերը խռովության Աստված չէ, այլ խաղաղության, մեր ժողովուրդը, մեր եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ հիմա արտահայտել են Քրիստոսի սրբազան առաքելությունը: Թող բոլոր նահատակները և նրանց հետ նաև ցեղասպանության նահատակները բարեխոս լինեն Աստծուն՝ աշխարհի խաղաղության համար»,- ասաց նա և նշեց, որ հավատում են, որ Ցեղասպանության նահատակներն այսօր ևս շարունակում են ապրել: «Թող Աստված օրհնի արդարության և ազգերի միջև եղբայրության ճանապարհը: Աղոթք և օրհնություն Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին՝ տիրոջ սերն ու օրհնությունը լինեն ամենքիս հետ այսօր և միշտ և հավիտյանս, ամեն»,- եզրափակեց կաթողիկոսը:
Հսկման կարգի ընթացքոււմ աղոթքին զուգահեռ մասունքարանների մեջ են զետեղվում Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները, որոնք արդեն այսօր` ապրիլի 23-ին, ներկայացվելու են սրբադասման կարգին` հարգանքի ու խոնարհումի համար: Մասունքները 1965 թվականին Դեր Զորից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է բերել Վազգեն Վեհափառը և պահվում են մայր տաճարի մոտ` ուխտի խաչքարի տակ: Մյուս մասն էլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում պահված մասունքներն են: